
Թաթուլ Մովսիսյան
Թաթուլ Մովսիսյանը ԹՄ Աուդիտի հիմնադիրն է և գլխավոր տնօրենը: Ունենալով ավելի քան 25 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ` նա անմիջական մասնակցություն է ունեցել Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության համակարգերի բարեփոխումներին:
Նա մեծ ներդրում է ունեցել ազգային հաշվապահական հաշվառման ստանդարտների, հաշվապահական հաշվառման օրենքի, հաշվային պլանի և ֆինանսական հաշվետվությունների փաթեթի, ինչպես նաև Հայաստանում հաշվապահական հաշվառման, աուդիտի, հարկային ոլորտները կարգավորող բազմաթիվ իրավական ակտերի մշակման և ընդունման գործում:
2009թ նա ակտիվ մասնակցություն ցուցաբերեց ՖՀՄՍ-ների պաշտոնական թարգմանության գործընթացին` հանդիսանալով թարգմանության վերանայման հանձնաժողովի փորձագետ:
Պարոն Մովսիսյանի ղեկավարությամբ, 1997թ.-ի հիմնադրումից ի վեր ԹՄ Աուդիտը ծառայություններ է մատուցել միջազգային և տեղական ընկերությունների, տնտեսության տարբեր ոլորտների` այդ թվում` արտադրության, էներգետիկայի, տրանսպորտի, շինարարության, առևտրի, ավիացիայի, առողջապահության, կրթության, ապահովագրության և ֆինանսական հաստատությունների: Այս կարևոր աշխատանքը հանգեցրեց Հայաստանում գործող հարյուրավոր ընկերությունների ընդլայնված կորպորատիվ կառավարման, թափանցիկության, արդյունավետության, ավելի լավ ֆինանսական և հարկային կառավարման:
Պրն. Մովսիսյանը 1997թ-ից Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի (ՀՀԱԱ) հիմնադիր անդամ է: Տարբեր տարիներին հանդիսացել է IFAC-ի (Հաշվապահների Միջազգային Դաշնություն) փորձագետ, ՀՀԱԱ հաշվապահական հաշվառման հանձնաժողովի նախագահ, ՀՀԱԱ-ի խորհրդի, ՀՀ-ում հաշվապահական հաշվառման և աուդիտորական ոլորտների բարեփոխումների հանձնաժողովի, ՀՀ-ում հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության համակարգերի բարեփոխումների միջգերատեսչական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման հանձնաժողովի, Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոնի մագիստրատուրայի ավարտական քննական հանձնաժողովի անդամ:
20 մասնագիտական, ուսումնամեթոդական գրքերի և մի քանի տասնյակ գիտական հոդվածների հեղինակ է:
Նա վարել է դասախոսություններ և իրականացրել դասընթացներ բարձրագույն ուսումնական հաստատությունների և մասնագիտացված կառույցների հազարավոր մասնագետների և ուսանողների համար: Թաթուլ Մովսիսյանի` Երիտասարդների աջակցման կենտրոնը հիմնադրվել է 2008թ.-ին, որպեսզի աջակցի տաղանդավոր երիտասարդներին` կառուցելու իրենց մասնագիտական ուղին` որպես հաշվապահ:
Նախքան ԹՄ Աուդիտի հիմադրելը պրն. Մովսիսյանը աշխատել է մի քանի խոշոր շինարարական և արդյունաբերական ընկերություններում, որպես ֆինանսական տնօրեն և/կամ գլխավոր հաշվապահ:
Ստացել է ինժեներ-տնտեսագետի դիպլոմ` ավարտելով Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը:
1997թ.-ին ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից ստացել է աուդիտորի որակավորում:
|